Ձյուն-ձմռանը, բքին ու ցրտին քաղաքական դաշտում հանկարծ սկսեցին ջրեր հոսել՝ գետեր, առուներ, խառնուրդային ջրեր, արտեզյան ջրեր: ՈՒ ի՞նչ: Հունվարի 27-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «ՈՒղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե ՀՀԿ-ից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: ՈՒզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են:
Սա է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»: Ինչպես տեսնում եք՝ Հովիկ Աբրահամյանի անունը Սերժ Սարգսյանը չի տվել, բայց նրա ՀՀԿ-ից դուրս գալուց հետո առավել քան ակնհայտ էր, որ նա է անանուն «առվակը», ում կարծես թե, «կարճ ժամանակում նորից նույն հոսքի մեջ» մտնելու հրավեր էր հնչում, որ այս դեպքում նման էր ոչ թե հրավերի, այլ՝ նախազգուշացման: Հունվարի 28-ին Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»:
«Ինքնամոռաց առվակների միավորումը», իհարկե, ջրերին չէր վերաբերում, քաղաքական էր, Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ ինքնակենսագրական: Այս ամբողջ «ջրային պատմության» մեջ նա չհասկացավ, որ ինքն այլևս խորհրդանշում է իր բնորոշած «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը», և դրանում ավելի շատ է ճշմարտությունը, քան՝ «ինքնամոռաց առվակների միավորման» մեջ: Այս օրերին ոմանք խորիմաստ տեսքով հիմնավորում էին, որ ՀՀԿ-ի կորուստը անչափելի է ընտրություններից առաջ՝ Հովիկ Աբրահամյանը ընտրակեղծարարության անմրցակից գրոսմայստեր է, տասնյակ տարիներ շփվել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նախկիններին ու ներկաներին անձամբ ճանաչում է, կարող է ներգործել ՀՀԿ-ի ընտրական արդյունքների վրա՝ օգտագործելով իր կապերն ու իրենից կախվածությունը: Որ Հովիկ Աբրահամյանը բոլորին ճանաչում է և ՀՀԿ նախընտրական շտաբի պետ է եղել ու ՀՀԿ-ն հաղթել է, փաստ է, բայց փաստ է, որ բոլոր այդ մարդիկ գնացել են ոչ թե Հովիկ Աբրահամյանի հետևից, այլ՝ շտաբի պետի: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն վարչական ռեսուրսը օգտագործել ու օգտագործելու է ի շահ իրեն, կա, թե չկա Հովիկ Աբրահամյանը՝ կապ չունի: Հովիկ Աբրահամյանը ժամանակ ունեցել է համոզվելու՝ ովքեր հետևեցին իրեն: Նրա բերած «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը» հիմա ամեն ինչ անում են՝ ներկայանալու «ինքնամոռաց առվակների միավորում»:
Այդպիսին է իշխանության կենտրոնաձիգը՝ նրանք անցնում են այն ճանապարհը, որով անցել ու իրենց էլ «մայր գետ» է մտցրել Հովիկ Աբրահամյանը: «Դեռ սեփական հողի հոտը կրող առվակները» ոչ մի բնակավայրի կյանք չեն պարգևելու, որովհետև իր ամբողջ կյանքում Հովիկ Աբրահամյանն այնպես է ապրել, որ «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը» քաղաքականություն թելադրեն ու հիմա ինքն է հայտնվել այդ ջրերի հորձանքի տակ ու միայն այդ պատճառով է հիշել, որ լինում են նաև «դեռ սեփական հողի հոտը կրող առվակներ»: Այսինքն՝ իրականում ոչ մի ջուր ոչ մի տեղ չի հոսում, ճահիճը նույն ճահիճն է, ճահճաբնակները որոշել են մի թեթև չափորոշիչ փոխել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որ երկու տարի առաջ զբաղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին գնահատելով, անցել է Հովիկ Աբրահամյանին ու շատ տխրել է: «Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց ոչ հեռավոր ընդհանուր քաղաքական ուղին պետք է թելադրի նաև մարդկային փոխհարաբերությունների նվազագույն մակարդակ: Նախկին վարչապետի ֆեյսբուքյան վերջին երկու գրառումները տխրեցրեցին ինձ: Իհարկե, ամեն մեկն ինքն է իր ճանապարհի, տվյալ դեպքում՝ հունի, տերը: Ոչինչ հավերժ չէ, սակայն պետք է պահել հրապարակային կյանքի ընդունելի ձևաչափ:
Հատկապես, երբ խոսքը գնում է քո նախկին թիմի, քո նախկին թիմակիցների և քո նախկին քաղաքական և ներկա պետական ղեկավարի մասին: Ոչ մի մանդատ, ոչ մի աթոռ, ոչ մի պաշտոն չի կարող արդարացում լինել անցած ճանապարհը մոռանալու և կեցվածք փոխելու համար:
Մարդիկ դա ճիշտ չեն համարում և չեն հասկանում: Բոլորը: Մասնավորապես, նախկին թիմակիցներդ, ում հետ կիսած հացի արժեքն ու անցած ճանապարհը, մեկ է, առվակների ցանկացած հունի դեպքում, տանելու է դեպի անցյալ, որ բախվում է ներկային և մշուշոտ դարձնում ապագան: Հուսամ, մինչև բուն քարոզարշավ նման առիթով կրկին հանդես գալու կարիք չի լինի»,- Facebook-ում գրել է Արմեն Աշոտյանը: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փիլիսոփայության գիրկը չի ընկել. «Կարդացի պարոն Աբրահամյանի գրառումը, լավը չէր, չհավանեցի, շատ էր արհեստական: Հատկապես առվակների ինքնազոհությունը հանուն մի երկու բնակավայրերի փրկության` «սպանիչ» էր: Հաստատ գիտեք, որ առվակներից բացի բնության մեջ կան նաև ստորգետնյա ջրեր, արտեզյան հորեր, որոնք դժվար թե նպաստեն այդ մի քանի բնակավայրերի փրկությանը: Եվ վերջում պարոն Աբրահամյանին մի բարեկամական հորդոր. չեմ կարծում, որ ՀՀԿ նախագահի հետ ակնարկներով խոսելը շահեկան է»:
Հովիկ Աբրահամյանը միայն նախկին կուսակիցների «ջրի» տակ չէ՝ «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը հարգանքով է վերաբերվում Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ն լքելուն. «Եվ եթե Հովիկ Աբրահամյանը հստակ ներկայացնի իր մոտեցումները` Հայաստանում ստեղծված իրավիճակի և այդ իրավիճակից դուրս գալու մասին, ես կտամ նաև գնահատականներ` նրա հետ որոշակի համագործակցության վերաբերյալ»: «Հովիկ Աբրահամյանը չգիտեմ՝ ինչ է անելու: Օրերս ասուլիս է տալու, թող ասուլիսը տա, ինքը երևի թե կորոշի՝ ինչ է անելու: Մեր մեկնաբանության խնդիրը չէ»՝ ասել է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան, դեռ Պարույր Հայրիկյանն էլ կավելանա, ևս մի քանիսը, որ չեն ցանկանա հրապարակել իրենց անունները, ու Հովիկ Աբրահամյանին մնում է հերթական անգամ չսխալվել ու միմյանցից տարբերել «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը» և «ինքնամոռաց առվակների միավորումը»: Նախ՝ արդեն չունի իշխանական լծակներ, եթե շատ աղմկի, կարող է կորցնել և ֆինանսական լծակները, հետո էլ՝ տարիքն արդեն այն չէ՝ ժամանակ չի մնում կորուստները վերադարձնելու: